Wednesday, April 22, 2020

Ուրիշ էինք մենք․․․

Դեեե, սերն ինքն անբացատրելի է,ամենքն իր ձևով է հասկանում։ Երևի ծաղկած դաշտ է, հորիզոնը մառախուղով պատված, դաշտում սիրահարներ, լուռ են, աչքերն են խոսում, տանգոյի երաժշտություն է ու պարել չիմացող զույգեր, որ այնուամենայնիվ իրար գրկած օրորվում են, զգում ամեն մի նոտան, աչքերը փակ են, չեն տեսնում իրար, բայց վստահ են՝ հաստատ ժպտում է․․․քանի որ մոտ են իրար, երազելիս խանգարող չկա, կարող են մտքերով մինչև մահ հասնել։

Քեզ հետ ուրիշ էր ամեն ինչ, ուրիշ էի նաև ես, դու էլ էիր ուրիշ, մնացածի մոտ երբեք այդքան լավը չէիր լինում, դե ինձ համար էիր պահում սրտին հասնող խոսքերդ ու ժպիտներդ։ Միասին անցկացրած օրերը հաշվում էինք, հետո ուրախանում, որ ընհանուր ընդամենը մի շաբաթ չենք տեսնվել տարվա ընթացքում ու փոշմանում միասին չանցկացրած օրերի համար։ 365 օր։ Քիչ էր։ Չափազանց։ Չափազանց քիչ էր։ Երազում էինք գտնել ժամանակի սարքերն ու դանդաղեցնել վայրկյանները, շաատ․․․ շաատ դանդաղեցնել։ Երբ ամբողջ գիշեր քայլում էինք դրսում, ու արդեն երևում էր բացվող արևը, պինդ փակում էինք աչքերը, որ մնանք մթության մեջ, չէինք ուզում արթնանալ սիրուն երազից։
Որոշել էինք ու խոստացել իրար՝ միասին ենք մեռնելու։ Նույն րոպեին ու միլիվայրկյանին։ Չէինք ուզում միմյանց ցավ պատճառել։ Չէինք ուզում, որ անգամ մի վայրկյան մեզնից մեկը զգար մյուսի բացակայությունը։ Ախր, սեր կորցնելուց ամեն ինչդ ես կորցնում, մասնիկներով հավաքված մարմինդ մաս-մաս ընկնում է գետնին։
Խաբեցիր ինձ, խոստումդ չպահեցիր․․․
Մեղավոր չես։ Չեմ մեղադրում։ Ուղղակի հաշվի չէինք առել, որ մահն առանց զգուշացման է գալիս, ու մեր խոստումն իր համար մեկ է։

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...