Monday, March 16, 2020

Չարենցյան վերլուծություն

Պատահական անցորդին

Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք - ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար - գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք - ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ - տրտում մենակ, - ու կգնամ իմ անծայր
Երազ - ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ ...


1916 թվականի բանաստեղծություն է՝  արդեն մի դար է անցել, բայց ամեն ինչ նույնն է: Դրսում շտապում են մարդիկ՝ չգիտես էլ ու՞ր, կամ ի՞նչն է ավելի կարևոր իրենց կյանքից, որ կարող են դրա պատճառով չտեսնել կարմիր լույսը, որ զգուշացնում է կանգնել ու չանցնել փողոցը:
Մի պահ թվաց, թե ես եմ գրել այս տողերը: Համաձայն եմ: Դառը իրականությունն է: Հազվադեպ եմ տեսնում ժպիտը դեմքին քայլող մարդու, եթե ես եմ ժպտում իրեն՝ գժի տեղ է դնում ու անցնում: Կյանքդ, ապրածդ ամեն մի  վայրկյանը գնահատելը, ընկնելուց չթուլանալը ու առաջ նայելը իմ սիրած թեմաներն են ու անվերջ կարող եմ խոսել: Կարծում եմ՝ հենց դա էլ նկատի է ունեցել Չարենցը, որ գնահատենք ժամանակն ու դառը դեմքի փոխարեն ժպիտով նայենք միմյանց:
 «Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք - ու հանդիպել ենք իրար» իրոք որ, ուրախ չե՞ս, որ տեսնում ես ինձ փողոցում: Ամեն օր, նոր բացվող արևի հետ, արթնանում ենք, հանդիպում փողոցում ու  միասին նստում նույն ավտոբուսը, թեև իջնում ենք տարբեր կանգառներում, բայց ամեն օր տեսնում  ենք իրար ու չենք ժպտում, չենք բարևում: Հարազատ ես, բայց չենք խոսում: Անծանոթ ենք: 
«Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար - գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք»
Բարևենք իրար ու ծանոթանանքխոսենք ու դու պատմես վերջին կարդացածդ գրքի տխուր ավարտը, ես էլ պատմեմ, թե երեկ ինչպես մի տղա օգնեց հանեմ ավտոբուսի դռան տակ մնացած շորիս երկար փեշը: Բոլորիս կյանքն էլ նույն զարգացումներն է ունենում, ուղղակի տարբեր են հերոսների անուններն ու տարածքները: Երբեք չգիտես դիմացինիդ խնդիրը կամ տխրության, ուրախության պատճառները:
 «Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ ...»
 Առավոտյան փողոցում կողքովդ անցնող, կամաց ու հազիվ ոտքերը առաջ գցող պապիկը, երեխան, որ համաձայնում է մանկապարտեզ գնալ միայն քաղցր ձողիկները ստանալուց հետո, ավտոբուսի վարորդը, որ ուղևորներին բացատրում է՝ ինչու չի կարող կանգառից դուրս կանգնել, մեր կողքը կատարվող իրադարձություններն են, որ մնում են մտքումդ ամբողջ օրը: Մի կյանք ենք ապրում, պետք է սիրել՝ շատ սիրել: Պատահական անցորդին լուռ ժպտալ,  որ  աշխատանքի խառը ժամերին, հիշի քո տված ժպիտն ու դեմքին հայտնված նոր ժպիտով վարակի մյուսներին:

No comments:

Post a Comment

Կյանքից կախված

Այսօր ստեղվծող գրականություն Կարդալով Սյունե Սևադա  Կյանքը չափազանց բարակ թելի վրա է, հարկավոր  է ամեն ինչ՝ ինչ կա կյանքումդ, հենես ապա...