Thursday, November 19, 2020

Սեբաստացիական ուղիս












Ինչպես նշել եմ իմ Դպրոցը կյանքի ձեռքբերում պատումում՝

  Ավարտել չի նշանակում դադարել Սեբաստացի լինելուց, ես Սեբաստացի եմ իմ կյանքում, իմ քայլերով, մտածելակերպով և միշտ:

Ամեն անգամ ամփոփելուց հասկանում եմ, թե ինչքան անփոխարինելի օրեր եմ թողել անցյալում ու, որ կրթահամալիրի միջավայրից ու սովորողներից ուրիշ ոչ մի տեղ չեմ գտնելու: Ամեն անգամ ես Սեբաստացի եմ նշելուց ուրախանում եմ, որ առաջին երկու դասարանները կրթահամալիրում չեմ սովորել, ուրախանում եմ, որովհետև, եթե ի սկզբանե սովորեի էստեղ՝ ճիշտ չէի գնահատի այն ինչ տրվեց ինձ:


Արևելյան դպրոցից սկսվեց իմ ուղին:

Ամենաանհոգ օրերն ունեցանք Նոր դպրոցում, ամենատարբեր ու հավես նախագծերն արեցինք այնտեղ: Այն երեխաների հետ, ում հետ հիմա ամենամտերիմն եմ,միշտ վիճել ու չենք հասկացել միմյանց, անգամ վիճում էինք ամբողջ երկու դասարաններով, մեր՝ ընկեր Հասմիկի դասարանը և ընկեր Աշխենենց: Հիշում եմ թարս օրերը, երբ աղջիկներն ու տղաները փոխվում էին տեղերով՝ գործերով, հագուստները թարս էինք հագնում, հիմա նայում եմ այդ օրերի հին նկարներն ու արդեն մեծացած՝ մեզ ու զարմանում ժամանակի վրա, որ այդքան արագ է անցնում:

Չեմ հիշում ինչ տրամադրվածությամբ եկանք միջին դպրոց, նոր դպրոցի հետ շատ էինք կապված, երևի կարոտով եկանք:

Միջին դպրոցում ամենալավ բանը, որ կարող էր պատահել մեզ հետ՝ ընկեր Գոհարի դասղեկական դասարան լինելն էր: Մենք այնքան կապված էինք/ենք, որ մինչև հիմա էլ ամենակարևոր հարցերը կգնանք ու իր հետ կքննարկենք, խորհուրդները կլսենք, որոնք միշտ ճիշտ են: Միջին դպրոցում ամենաշատը խոհանոցում էինք լինում, ամենատարբեր ուտեստները պատրասում, մեր ամենասիրելին պիցցան էր, քանի որ բոլորը սիրում ու հավեսով օգնում էին պատրաստման հարցում: Ամենախելառ տարիները միջինում էին, ամեն ինչ արել ենք, ինչ մտքներովդ անցնի:

9-րդ դասարանում, որպես ավարտական դասարան, վերջին զանգի տոնախմբություն ունեցանք: Դպրոցի ամենաակտիվ, պարող-երգող խմբերից ենք, հետևաբար՝ համերգն աննկարագրելի սիրուն ու տպավորիչ էր:

Հիմա արդեն ավարտում ենք ու նորից զարմանում եմ ժամանակի վրա, որ արագ տարավ մեր ավագ դպրոցի 3 տարիներն ու հիմա արդեն պատրաստվում ենք 12-ի ավարտական ցնծությանը:

Ափսոսում եմ այն տարիները, որ չեմ ճամփորդել: Ավագ դպրոցում նոր հասկացա ճամփաների գինը: Մեկը մյուսի հետևից, անհամբեր սպասելով հաջորդին: Ճամփորդությունների ընթացքում ծանոթացա ամենատարբեր բնավորության տեր մարդկանց հետ ու կարող եմ ասել, որ ձեռք բերեցի կյանքի ընկերներ: Երկար տարիների ապրած կյանքում հանդիպող խոչընդոտների հետ դու կարող ես ծանոթանալ ընդամենը եռօրյա ճամփորդությունների ժամանակ: Հասունանում ես, խնդիրներից դուրս գալու ճիշտ ելքերը գտնում, սկսում ես ավելի ու ավելի շատ սիրել երկիրդ, կամ էլ սիրահարվում ես մի ուրիշ երկրի, որտեղ առիթ ունեցար ներկայացնելու դպրոցդ: Ավագ դպրոցում, թերևս ինձ համար ամենակարևորը, սիրելին ու հիշվողը ճամփաներն են ու իմ ցուցակում նորերը երբեք չեն դադարելու ավելանալուց:

Դպրոցն իրոք կյանքի ձեռքբերում է:

Կամ բախտդ բերում է, կամ՝ չէ:

Իմ բախտը բերել է:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...