Monday, August 31, 2020

Դպրոցը կյանքի ձեռքբերում



 



Լուսանկարները՝ Եվա Բերբերյանի (11-րդ դաս.)
© կինո-ֆոտո 2020

Գիտելիքին առաջնային կարևորություն տալով մոռանում ենք արժեքների մասին, որը պետք է սովորեցնի դպրոցը, ավելի ճիշտ ոչ թե սովորեցնի, այլ իր օրինակով ցույց տա կյանքում պետք եկող ու գիտելիքից ոչ պակաս կարևոր արժեքները:

Տնօրեններն ու ուսուցիչները, եթե չեն ստանում սովորողների կողմից սեր ու հարգանք, ուրեմն չեն էլ տալիս:

Եթե կողքից տեսնեք, թե ինչպես է մեր դպրոցի տնօրենը ժպտում ու ձեռքով անում սովորողներին, ինչպես են տնօրենից փախնելու փոխարեն սովորողները վազում ընդառաջ նրա հետ գրկախառնվելու համար, կհասկանաք, որ նա ոչ թե մեր տնօրենն է, այլ ավագ ընկերը, եթե ոչ մեր տարիքի )))

Հարգել ցանկացած տարիքի մարդու կարծիքը, անկեղծ ու բաց լինել բոլորի առաջ, սիրել այն կյանքը, որը դու ապրում ես, մաքրել ու մաքուր պահել շուրջդ, օգնել, չամաչել, ակտիվ ու պատրաստակամ լինել, ճամփորդել միշտ ու անընդհատ բացահայտել, սրանք մեկ տոկոսն են այն ամենի, ինչ ես տեսել եմ Տիարի քայլերում, սովորել իրենից ու մեծացել այդպիսին:

Մինչ կրթահամալիր ընդունվելը սովորել եմ ևս երկու դպրոցում, եթե դա կարելի է այդպես անվանել: Ես ոչինչ չեմ սովորել այնտեղ: Եթե չգայի կրթահամալիր, երբեք չէի սովորի, որ կարող եմ կարծիքս մեջս պահելու փոխարեն՝ բարձրաձայնել, չէի իմանա, որ տնօրենը իր առանձնասենյակում նստելու փոխարեն կարող է հեծանիվով մի դպրոցից մյուսն անցնել, երբեք չէի իմանա, որ մութ սենյակների ներսում փակված լույս սովորողներին պետք է ընդամենը հանել մթությունից և հաջորդ առավոտ արդեն անհամբերությամբ կմտնեն դպրոց, չէի իմանա, որ կյանքում ճիշտը պատերը քանդել ու պատուհաններ դնելն է, թափանցիկություն տարածելը:

Սենյակում նստած տեսնում ես, թե ինչպես է դպրոցդ հյուրընկալում մարզերից կամ տարբեր երկրներից եկած բարեկամներին, ձայնագրիչդ վերցնում ես ու վազում դուրս, սկսում հարցախեղդ անել՝ ինչպիսի՞նն էր դպրոցը, արդյո՞ք էլի կգաք... և հարցերի մեջտեղում սկսում ես քեզ տեսնել ապագայում՝ լրագրողի դերում: Սա է դպրոցը, սովորեցնում է ինչպես սովորել:

Եվ հիմա, երբ սկսում եմ իմ վերջին տարին այս դպրոցում, անկասկած չեմ փոշմանում կրթահամալիր գալու որոշման համար: Երրորդ դասարանում, երբ առաջին անգամ եկա Նոր դպրոց, տեսա առավոտյան պարապմունքը, որտեղ պարում, երգում ու առավոտյան մարզանք էին անում սովորողները ու, որ ինձ համար զարմանալի էր՝ նաև ուսուցիչները: Փորձեցի պարել: Սկսեցի լացել: Չէր ստացվում: Հիմա, 9 տարի անց, ես կանգնում եմ մար-մարյա սրահում ու սովորեցնում մեր պարերը լացող ու զարմացած փոքրիկներին:

Ամեն ինչ կանեի այս տարիները նորից ապրելու համար...

Վերջին տարին է, որքան հնարավոր է պետք է վայելել, քանի որ այսպիսի միջավայր, ցավոք, դեռ ուրիշ տեղ չունենք:

Հ.գ. Ավարտել չի նշանակում դադարել Սեբաստացի լինելուց ))) Ես Սեբաստացի եմ իմ կյանքում, իմ քայլերով, մտածելակերպով և միշտ:



No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...