- Փաստեր հեղինակի կյանքից
Դանիել Վարուժանը՝ 20րդ դարի արևմտահայ բանաստեղծ է, ծնվել է Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում 1884 թվականի ապրիլի 20ին։ Սովորում էր գյուղի վարժարանում, իսկ 1896 թվականից ուսումը շարունակում է Պոլսում։ Պոլիսը երեխայի վրա ծանր տպավորություն է թողնում։ Նա տեսնում է սուլթան Համիդի կազմակերպած ջարդի հետքերը։ Այդ օրերի հալածյալներից էր նաև բանաստեղծի պանդուխտ հայրը, որին հարազատները երկար ժամանակ որոնում և վերջապես գտնում են բանտում՝ շղթաների մեջ։ 1902 թվականին Վարուժանը տեղափոխվում է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան դպրոցը։ Բանաստեղծին գերում են Վերածնության շրջանի նկարչությունն ու քանդակագործությունը Նա ընթերցում է նշանավոր գրողների երկերը, հատկապես տարվում է Լև Տոլստոյի և Ժան-Ժակ Ռուսոյի գաղափարներով։ Վարուժանն առանձին սիրով ուսումնասիրում է Հայաստանի պատմությունը, հայ հին ու նոր գրականությունը։ Վենետիկում գրում է իր առաջին բանաստեղծությունները պանդուխտների կյանքի և 1896 թ. ջարդերի մասին։ Նա 1905 թ. մեկնում է Բելգիա և ընդունվում Գենտի համալսարանը։ Ուսանողական տարիները էական դեր են խաղում. նա սովորում է հասարակական և քաղաքական գիտություններ, ուսումնասիրում գրականություն և սոցիալական ուսմունքներ։ Ստանալով բարձրագույն կրթություն՝ բանաստեղծը 1909-ին վերադառնում է ծննդավայր։ Սեբաստիայի Արամյան վարժարանում երկու տարի ուսուցչություն է անում, 1911 թվականին տեղափոխվում է Եվդոկիայի ազգային ճեմարան։ 1912 թվականին Վարուժանը հրավիրվում է Պոլսի Բերայի Ս. Գրիգոր Լուսավորիչ վարժարան՝ տեսչի պաշտոնով։
Այս տարիներին Վարուժանի բանաստեղծությունները լայն ճանաչման են արժանանում։ Տասը տարվա ընթացքում բանաստեղծը գրել է չորս գիրք՝ «Սարսուռներ» (1906), «Ցեղին սիրտը» (1909), «Հեթանոս երգեր» (1912) և «Հացին երգը» (1921, հետմահու)։ Գրել է նաև նոթեր, հոդվածներ, կատարում է թարգմանություններ։ 1915 ապրիլի 24-ին Վարուժանը եղել է մտավորականների ու հասարակական գործիչների հետ։ Նրանք ձերբակալվել են թրքական ոստիկանության կողմից։ Նա շատերի հետ աքսորվել է Չանղըրը, որտեղ մնացել է կալանավոր։ Օգոստոսի 26ին 1915 թ., որպես թե տեղափոխվելով Չանղըրըից Այաշ, ճանապարհին նա դաժանորեն սպանվում է կազմակերպված դավադրությամբ՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի և երեք այլ աքսորականների հետ։
1958 թ. փետրվարի 8-ին Գենտում տեղի ունեցավ Վարուժանին նվիրված երեկո։ Փետրվարի 9-ին համալսարանի մատենադարանի մեծ սրահում ամրացվեց հուշատախտակ՝ Վարուժանի դիմաքանդակով և հայերեն, ֆրանսերեն, ֆլամանդերեն արձանագրությամբ։ Դիմաքանդակի վրա նշվել են բանաստեղծի հետևյալ խոսքերը՝
ի՜նչ փոյթ կեանքը մեռնող,
երբոր երազը կ՚ապրի,
երբոր երազն անմահ է։
No comments:
Post a Comment