Monday, February 9, 2015

Վահան Տերյան բանաստեղծություններ





Սարի ետևում շողերը մեռան.
Անուշ դաշտերը պատեց կապույտ մեգ.
Տխուր երեկոն զարկել է վրան.
— Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Խորհրդավոր է երկինքն երազուն.
Վարսաթա՜փ ուռի, դողդոջո՜ւն եղեգ.
Արծաթ խոսքերով աղբյուրն է խոսում.
—Սիրտըս կարոտով կանչում է քեզ՝ ե՛կ։

Ծաղիկներն ահա քնքուշ փակվեցին,
Բացվեցին երկնի ծաղիկներն անհաս.
Սև տագնապները իմ սիրտը լցրին.
— Արդյոք ո՞ւր ես դու, իմ անուշ երազ։

Սիրտ իմ, այդ ո՞ ւմն ես դու իզուր կանչում,
Տե՛ս՝ գիշերն անցավ, աստղերը մեռան,
Մենավոր իմ սիրտ, մոլորված թռչուն,
Կարոտիդ կանչը չի հասնի նրան...

1908

Ոսկեհանդերձ եկար և միգասքող,
Տխուրաչյա աշուն, սիրած աշուն.
Տերևներիդ դանդաղ թափվող ոսկով,
Մետաքսներով քնքշաշրշյուն:
Նայվածներով խորին, եկար ներո՜ղ,
Եկար կրկին գերող, խորհրդավո՜ր.
Եկար հուշիկ, անչար ավաղներով,
Օրորներով ամենօրոր:
Քո արևին հատնող և քո երգին, երգին,
Եվ շրշյունիդ փափուկ, և բեկումիդ – ողջո՜ւյն.
Օ՜, հարազա’տ, սիրա’ծ, եկա՜ր կրկին,
Իմ քնքշագի՜ն աշուն…

ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։
Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։
Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...

Ցրտահա՜ր, հողմավա՚ր.
Դողացին մեղմաբար
Տերևները դե ղին,
Պատեցին իմ ուղին...
Ճաճանչները թոշնան...
Կանաչներիս աշնան —
Իմ խոհերը մոլար՝
Ցրտահա՜ր, հողմավա՜ր...
Կրակներըս անցան,
Ցուրտ ու մեգ է միայն.
Անուրջներըս երկնածին
Գնացի՜ն, գնացի՜ն...

Ես եմ ,դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
- ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ...

Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ...

Մոռացել ենք անցյալում
Տրտունջք,թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար...

Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ...

No comments:

Post a Comment