Monday, April 6, 2020

Գրականություն- առցանց ուսուցում


Անձրև, հեղինակ՝ Լևոն Խեչոյան

Բաժանումներից հետո իրերը կամ ինչ-որ երևույթներ կամ էլ հիշողոթյունները՝ գլխումդ, որոնք երբեք չես ուզում ջնջել, հիշեցնում են ամեն ինչ։ Փախչում ես՝ մոռանալու համար կատարվածը, հետևում են քեզ, գտնում տեղդ ու հիշեցնում ամեն ինչ։



 Գյուղը՝ քաղաքի համեմատ փոքր տարածք, որտեղ բոլորն իրար գիտեն, ճանաչում են ու միմյանց պատմություններից լավ տեղյակ են, կարող են փողոցում գոռալով խոսել իրար հետ՝ առանց միմյանց մոտիկանալու, դե, օրինակ՝ ճանապարհները տարբեր ուղղություններով են, բայց նրանց դա չի խանգարում իրար հետ խոսել։

Գյուղի մռայլ օրերն ու անձրևները համապատասխան էին Մելիքի հոգու գույներին։ Այնուամենայնիվ, Մելիքը, կոտրված սրտով ու ցավն իր ներսում փորձեց շարունակել կյանքն ու ստեղծեց ընտանիք, հեռու բոլորից ու իր չստացված սիրուն մոռանալով։ Քաղաք են գալիս, ու քաղաքի աժիոտաժին հարմարվելուն պետք են տարիներ։ Կինը՝ Նինելը, ուրախ էր, մտածում էր, որ  վերջ, քաղաք գալով՝ լիովին կմոռանա այն աղջկան, բայց, մի՞թե մոռանալն այդքան հեշտ է, քաղաքում անձրև չի՞ գալու, անձրևը, որ այդքան հիշեցնում էր ամեն ինչ։

Կյանքի հաջորդ վայրկյանը գուշակելը այդքան էլ հեշտ բան չէ։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու մեզ հետ վաղը կամ մի քանի րոպե հետո, բայց շարունակում ենք ապրել այնպես, ինչպես ապրել ենք։ Մելիքն իր ականջին հասած կանչերից թեքվում է, որ փնտրի՝ ով էր, բայց դեռ չէր հասկացել, որ արդեն քաղաքում էր ու ինչքան էլ ուզեր, մեկ է, չէր կարողանա բոլորին ճանաչել ու հասկանալ՝ մեկն իրեն ինչու գոռաց։ Մտածեց՝ իրեն են կանչում, կամ էլ իմ բերած օրինակով՝ հետարքրքությունից դրդված թեքվեց, որ պարզի՝ ով էր, բայց մոռացել էր, որ մեքենաները մայրաքաղաքում քառակի անգամ շատ են, քան Ախալքալակում և գլուխը դուրս հանելիս կամ մի կողմ շարժվելիս պետք էր տասն անգամ չափել, մեկ անգամ կտրել։

Կարդում եմ Սահյան 

 

Սերը նամակների մեջ

Սերը տանում ենք մեզ հետ, ապրեցնում ու պահում մեզ մոտ։ Պատերազմական իրավիճակ կամ այլ պատճառ սիրելիից հեռու լինելու։
Շաբաթներ ես սպասում նամակը ստանալու համար, ժամանակը հետ ես տալիս ու փորձում կարդալ ու հասկանալ ըստ գրված նամակի ամսաթվի։ Խոստումներ։ Կարոտի խոսքեր։ "Անհամբեր սպասում եմ"֊ներ։ Զգում ամեն տողի մեջ գրված բառերի յուրովի իմաստներն ու հեռվում գտնվող սիրելիի սերը։ Թուղթը թացանում է, տեղ֊տեղ ճղվում արցունքի կաթիլներից։ Կարոտ, որը ամեն նամակի հետ սաստկանում ու սպանում է ներսից։ Կարդում եմ, երազում՝ կգրկեր, իհարկե, կգրկեր.... եթե մոտ լինեինք իրար։ Կիլոմետրերը, որոնք բաժանում են մեզ՝ անխուսափելի են։ Լինելու են միշտ մեր հետ, մեր կյանքում։ Եթե ոչ ներկայում կամ ապագայում այլ գոնե անցյալում։ Իրենց հետքն են թողել ու թողնելու։ Վախով ենք ապրելու՝ միմյանցից նորից հեռվանալու վախով։ Ամեն օրվա լուսաբացի ու մայրամուտի հետ հիշելու ենք իրար հետ չանցկացրած լուսաբացներն ու մայրամուտները։ Լռելու ենք։ Մենք միշտ լռության մեջ ենք խոսել, աղմուկն օտար է լինելու մեզ։ Խոսքերը չափազանց բարձր են լսվելու մեր ականջներում։ Չորս պատանոց սենյակ, մեջտեղում ես ու ձեռքիս՝ քեզնից ստացած նամակը։ Աչքերս փայլում էին այն օրերին, երբ մեր դռան ծրարների արկղը լիքն էր լինում։ Ձայնդ ականջումս՝ կարդում եմ գրածներդ, բառերն արտասանում քո պես ու օդում պատկերում մեզ՝ կգրկեիր, իհարկե կգրկեիր․․․


Մտքերը եկան Дорогой Джон ֆիլմը դիտելուց հետո ։)

«Ով Հիսուս, որտե՞ղ ես» վերլուծություն

Աշխարհի վրա յոթ միլիարդից ավել մարդ կա։ Մեզնից յուրաքանչյուրը տարբեր է իր բնավորությամբ։  Չարեր շատ կան․․․
Չարերն էլ իրենց տեսակները ունեն։ Կան, որ մտքում են քարկոծում, կան, որ՝ հանրության առաջ ու կան գաղտնի վատություն անողները։ Չարերը նախանձից են արթնանում։ Դիմացինիս ունեցածը ավելի լավն է, քան իմը, կամ դիմացինը հենց ինքն իրենով՝ ավելի լավն է, քան ես։
 Այս բեմադրությունն ու թատրոնը շատ հարմար էր աղջիկների ատելությունը Էլահեի հանդեպ ցույց տալու համար։ Փարվիզի՝ բեմադրության ռեժիսորի ավագ սաները՝ աղջիկները, թեև ուզում էին՝ այդ դերը իրենք խաղան, որպես ամենագեղեցիկ կին, ամեն դեպքում, կարծում եմ ուրախություն կար նրանց ներսում, քանի որ շատ հանգիստ քարկոծում էին Էլահեին դեմ առ դեմ։
Կյանքում, կինոյում, հեքիաթներում հանդիպող մարդը, ով հանրության կողմից արժանանում է քարկոծանքի, մեծ մասամբ համեստ, միամիտ, իրեն պաշտպանել չկարողացող տեսակ է լինում։ Կարծում եմ, որ Էլահեն բացառություն չէր. գեղեցիկ աղջիկ, ով սիրում է թատրոնը։ Մի՞թե միայն իրեն չցավեցնելու համար պետք է դադարեցնել տար բեմադրությունը։ Մի գուցե նա վստահ չէր իր խաղի վրա և շատ ավելի ուրախ էր,որ քարերն իրական էին։
Փարվիզն էլ մեծ հպարտությամբ էր նայում՝ իր ընտրությունից գոհ։ Էլահեի հանդեպ անտարբեր չէր և անհամբերությամբ սպասում էր, թե ինչպես է մտնելու բեմ, որ փրկի Էլեահեին։
Հանրությունը միանշանակ Էլեահեի կողմից չէր, նրանց ներկայացվել էր, որ աղջիկը գերում է բոլորի տղամարդկանց, ո՞ւմ պետք է հետաքրքրեր, թե ինչ է զգում մեղադրվողը. իհարկե, ոչ ոքի։ Երբևէ չեմ տեսել մի հասարակություն, որ հարգի մեղադրվողի կարծիքն ու լսի նրան. բոլորը միշտ պատրաստ են քարկոծելու, հազվադեպ է պատահում, որ ինչ- որ մեկը կանգնի մեղադրվողի կողքին։ Կարծում եմ՝ բոլորը գոհ էին իրենց վճարածից, և ոչ ոքի չհուզեց՝ Էլեահեն խաղում էր, թե ցավերն իրական էին։ 

Կարդում եմ Չարենց 

 

Չարենցյան վերլուծություն

Պատահական անցորդին

Մենք երկու՛սս էլ, մենք երկու՛սս էլ անվերադարձ աշխարհում
Ապրում ենք, կանք, գնում ենք - ո՞ւր, միևնույնն է մեր հեռուն:
Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար - գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք:
Կանգնի՛ր, կանգնի՛ր, ո՞ւր ես վազում, ո՞ւր ես գնում դու արագ.
Աչքերիս մեջ գուցե գտնես ոսկեԺպիտ մի կրակ:
Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք - ու հանդիպել ենք իրար,
Ո՞ւր ես անցնում անվերադարձ, որպես անդարձ ճանապարհ
Ե՛ս էլ կանցնեմ - տրտում մենակ, - ու կգնամ իմ անծայր
Երազ - ճամփան, որով դու էլ այս իրիկուն կույր անցար:
Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ ...


1916 թվականի բանաստեղծություն է՝  արդեն մի դար է անցել, բայց ամեն ինչ նույնն է: Դրսում շտապում են մարդիկ՝ չգիտես էլ ու՞ր, կամ ի՞նչն է ավելի կարևոր իրենց կյանքից, որ կարող են դրա պատճառով չտեսնել կարմիր լույսը, որ զգուշացնում է կանգնել ու չանցնել փողոցը:
Մի պահ թվաց, թե ես եմ գրել այս տողերը: Համաձայն եմ: Դառը իրականությունն է: Հազվադեպ եմ տեսնում ժպիտը դեմքին քայլող մարդու, եթե ես եմ ժպտում իրեն՝ գժի տեղ է դնում ու անցնում: Կյանքդ, ապրածդ ամեն մի  վայրկյանը գնահատելը, ընկնելուց չթուլանալը ու առաջ նայելը իմ սիրած թեմաներն են ու անվերջ կարող եմ խոսել: Կարծում եմ՝ հենց դա էլ նկատի է ունեցել Չարենցը, որ գնահատենք ժամանակն ու դառը դեմքի փոխարեն ժպիտով նայենք միմյանց:
 «Դու ուրախ չե՞ս, որ ապրում ենք - ու հանդիպել ենք իրար» իրոք որ, ուրախ չե՞ս, որ տեսնում ես ինձ փողոցում: Ամեն օր, նոր բացվող արևի հետ, արթնանում ենք, հանդիպում փողոցում ու  միասին նստում նույն ավտոբուսը, թեև իջնում ենք տարբեր կանգառներում, բայց ամեն օր տեսնում  ենք իրար ու չենք ժպտում, չենք բարևում: Հարազատ ես, բայց չենք խոսում: Անծանոթ ենք: 
«Կանգնիր, անցորդ: Կանգնիր: Նայենք: Նայենք իրար - գուցե մենք
Հանկարծ ժպտանք` չճանաչված մի բարեկամ ճանաչենք»
Բարևենք իրար ու ծանոթանանքխոսենք ու դու պատմես վերջին կարդացածդ գրքի տխուր ավարտը, ես էլ պատմեմ, թե երեկ ինչպես մի տղա օգնեց հանեմ ավտոբուսի դռան տակ մնացած շորիս երկար փեշը: Բոլորիս կյանքն էլ նույն զարգացումներն է ունենում, ուղղակի տարբեր են հերոսների անուններն ու տարածքները: Երբեք չգիտես դիմացինիդ խնդիրը կամ տխրության, ուրախության պատճառները:
 «Դու կույր անցար, չնայեցիր ու հեռացար մշուշում.
Բայց ես երկար քո անծանոթ, օտար դեմքը կհիշեմ:
Կհիշեմ, որ դեգերումիս ճանապարհին, որպես հուշ,
Մեկը անցավ, իրիկուն էր. իրիկուն էր ու մշուշ ...»
 Առավոտյան փողոցում կողքովդ անցնող, կամաց ու հազիվ ոտքերը առաջ գցող պապիկը, երեխան, որ համաձայնում է մանկապարտեզ գնալ միայն քաղցր ձողիկները ստանալուց հետո, ավտոբուսի վարորդը, որ ուղևորներին բացատրում է՝ ինչու չի կարող կանգառից դուրս կանգնել, մեր կողքը կատարվող իրադարձություններն են, որ մնում են մտքումդ ամբողջ օրը: Մի կյանք ենք ապրում, պետք է սիրել՝ շատ սիրել: Պատահական անցորդին լուռ ժպտալ,  որ  աշխատանքի խառը ժամերին, հիշի քո տված ժպիտն ու դեմքին հայտնված նոր ժպիտով վարակի մյուսներին:


Քաջ, թե՞ բախտավոր Նազարը:

Գյուղի հայտնի վաղկոտ ու անգործ Նազարն է. համենայնդեպս, գյուղը իրեն այդպես է ճանաչում: Այս աշխարհում պետք է հավատալ ամեն ինչին: Երբեք մի ասա՝ երբեք: Մի քայլը կարող է հարյուր ութսուն աստիճանով փոխել կյանքդ: Մեզ ընդամենը այդ քայլն է պետք: Նազարի համար կյանքը շռայլ էր, թեպետ գյուղը իրեն որպես վախկոտ էր ճանաչում, ամեն դեպքում, կարծում եմ, կյանքը վայելում էր. ո՞վ չի ուզի իր փոխարեն անեն ամեն ինչ։ Սկզբում իր փոխարեն ամեն ինչ կինն էր անում, հետո էլ Նազարի կյանքը փոխեց իր բախտը: Երբեք չէր մտածել, որ կարող է սպանել, թեկուզ դա հեքիաթում ճկույթի ծայրի չափ ճանճեր էին, ամեն դեպքում, դա բացահայտում էր իր համար: Իր քայլից զարմացած՝ մտածեց, որ պետք է բոլորն իր արածի մասին իմանան: Մենք բոլորս էլ այդպիսին ենք: Ուզում ենք մեզ աշխարհը լսի, ծափահարի ու ոգեշնչի: Վախկոտ Նազարը կամաց-կամաց դառնում էր քաջ, անվախ՝ իրականում վախեցած էր եղբայրներին տեսնելիս, բայց տպավորություն է թողնում բարկացածի, ուզում է շուտ փախչել վագրից, բոլորը մտածում են՝ անզեն է ուզում սպանի վագրին, կատաղած ձիուց ազատվելու համար բռնում է փտած ծառի ճյուղից, և ճյուղը պոկվում է, թշնամին վախենում է՝ մտածելով, որ Նազարը ծառերը արմատահան անելով գալիս է: Գյուղացիների համար Նազարը հերոս է: Միևնույն է, մենք այն չենք, ինչ տեսնում է հասարկությունը, մենք այն ենք, ինչ մտածում ենք ու զգում:

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...