Thursday, April 2, 2020

Կյանքը կորոնավիրուսից հետո


Կորոնավիրուսից առաջ)
Լուսանկարները՝ Եվա Բերբերյանի (10-րդ դաս.)
© Սեբաստացի TV 2019


Այս օրերին մոլորակը հանգստանում է: Սա ինձ համար ևս մեկ ապացույց էր, թե որքան է մարդը վնասակար այս աշխարհի համար։ 

Իտալիայում, երթևեկության դադարի, տնտեսական պասիվության արդյունքում օդը անհամեմատետ ավելի մաքուր է, Վենետիկում մաքրվել են անգամ ջրանցքները, 60 տարվա մեջ առաջին անգամ ջուրն այնտեղ այնքան մաքուր է, որ ձկները երևում են, իսկ կարապները վերադարձել են։ Բնությունը վերջապես սկսել է նորից ինքնամաքրվել, որը վաղուց չէր ստացվում նրա մոտ, քանի որ մարդն իր տնտեսական ու սոցիալական գործունեությամբ շնչահեղձ էր արել մոլորակը: 


Կյանքը ուղղակի պետք է գնահատել։ Ամեն վայրկյան մենք նոր փորձության առաջ ենք կանգնում: Խելոք-խելոք բաներ ենք խոսում, բայց հենց ինքներս սխալն ենք մեզ պահում։ Խոսում ենք միջավայրի մաքրությունից, բայց երբեմն մենք ինքներս ենք կեղտոտում մեր միջավայրը, մոռանում այն խնամելու մասին։ Հպարտանում ենք մեր սարերով, մեր Սևանով, կենդանիներով, բայց որսում ու սպանում ենք նրանց, վայելում ենք շաբաթ-կիրակին Սևանում՝ հետո աղբի մեջ թողում ու հետ վերադառնում։ Ֆեյսբուքահայությունը վիրուսի մասին խոսելիս դառնում է համաճարակաբան, քաղաքագետ, իրավաբան, բժիշկ, բայց ապա նրանց էկոլոգիական հետքը նայեք՝ օգտագործված դիմակներ,ձեռնոցներ: Չէ որ դրանք էլ են վտանգավոր միջավայրի համար՝ համ աղբ է, համ վարակի տարածման աղբյուր:

Ինչպիսի՞ն է լինելու կյանքը կորոնավիրուսից հետք:

Շատերը այս օրերին սովորեցին տարբերել կեղծ ու ճիշտ լուրերը։ Կառավարությունը հասկանալով կեղծ լուրերի վտանգը՝ ստեղծեց նոր ֆեյսբուքյան էջ, որը մի քանի ժամը մեկ թարմացվում էր։ Կարծում եմ, կարևոր հմտություն է կեղծ ու ճիշտը տարբերելը: 

Համաճարակը շատ հեշտությամբ տարածվեց Հայաստանում, քանի որ բոլորն «անվախ են»։ Հայերը տանը մնալու կոչերին պատասխանում են, թե ինչի պետք է իրենք վարակվեն և անգամ հայտարարված արտակարգ դրությունը նրանց վրա չի ազդում։ Հիվանդությունը արտացոլվում է տասնչորս օրվա ընթացքում,Կորոնավիրուսի տարածումը Հայաստանում փաստն է նրա, որ մեկ մարդու՝ բժիշկների հորդորներին չհետևելու արդյունքում տուժել է ամբողջ ազգը։ Բայց սա էլ կարևոր որակ է, որ այսուհետ ավելի լրջախոհ լինենք, որ մեզանից բացի ուրիշի մասին էլ մտածենք: 

Երբ քեզ ազատություն են տալիս՝ դու դա չես գնահատում, երբ վերցնում են՝ բողոքում ես, որ հետ տան։

Մեր բնականոն կյանքը ապրելու ժամանակ, երբ ունեինք բավարար ազատություն, նախընտրում էինք ազատ ժամանակն անցկացնել տանը, փոխարենը կարող էինք դուրս գալ մաքուր օդ շնչելու կամ վազելու, մարզվելու, իսկ հիմա, երբ կառավարությունը սահմանափակել է մեր տեղաշարժը՝ մեր ապագայի համար, բողոքում ենք։ Պատկերացում չունեմ , թե քանի տարի, դար հետո է փոխվելու այս հասարակության մտածելակերպը, բայց կարծում եմ՝ մեր սերնդին հաջորդող սերունդը ավելի հանդուրժող, ընկալող, զարգացած ու լավատես է լինելու, քան՝ մերը։
Կսիրենք մեր միջավայրը ոչ թե ֆեյսբուքում, այլ իրական կյանքում, ծառ կտնկենք, ոչ թե օնլայն խաղերում, այլ իրական կյանքում: 

Այս կարճ, բայց երկար թվացող կարանտինի ընթացքում մենք սկսեցինք գնահատել իրական կյանքը։ Գլոբալիզացիա կոչվող ճահիճը բոլորիս քաշել էր իր մեջ և մենք էլ ակամայից տրվել էինք դրան: Համոզված եմ, որ կյանքը կորոնավիրուսից հետո ուրիշ է լինելու, փողոց դուրս եկող մարդիկ էլ կնայեն ոչ թե գետնին, այլ դեպի վերև՝ կապույտ ու խաղաղ երկինք։

No comments:

Post a Comment

Շրջանավարտի ֆոտոցուցահանդեսի հրավեր․ Եվա Բերբերյան

  Վայրը՝ Մայր դպրոցի փոքր դահլիճ, օրը՝ ապրիլի 28, ժամը 13։00 Իմ անհատական ֆոտոցուցահանդեսը Ղեկավար՝ Անի Սարգսյան «Ցտեսություն-ցնծություն» նա...