Վերջին անգամ ամիսներ առաջ էինք ճամփորդել: Պարզվեց՝ չենք մոռացել ճամփորդելու ձևը, համն ու հոտը))
Բարի լույսը մեզ ոստիկանները տվեցին ՝ ստուգելով մաքրության պահպանումն ու դիմակների առկայությունը՝ մաղթեցին բարի ճանապարհ։ Վերջ։ Ուրախ տրամադրությունը ապահովված էր։ Միայն մի բան էր տխուր. ժպիտները տեսանելի չէին, բայց փոխարենը աչքերն ամեն ինչ ասում էին։Սևանի գեղեցկությանը, ձայնին, կանչող գույնին կարոտած՝ կանգ առանք Հայրավանքում, վայելեցինք Սևանն ու հեռվից Արմաղանը ուսումնասիրելով՝ շարժվեցինք առաջ: Անցանք գյուղերի միջով, բարևեցինք, խոսեցինք, ժպտացինք ու հասանք լեռան փեշերին: Պարզվեց, որ բացի մեզնից ուրիշներն էլ են հետաքրքրված սարով ու մեր դիմաց բացվող հրաշք տեսարանով՝ ընտանիքներով եկել էին: Բայց մեզ պես համարձակ չէին, որ ոտքով քայլեին: Հարց ու փորձ անելով, գտանք ոտքի ճանապարհը ու սկսվեց վերելքը: Անվերջ, անեզր, անսահման թվացող ճանապարհը անցանք ծիծաղով ու միմյանցից կարոտն առնելով: Քամին ու արևի շողերը միացել էին մեր խմբին, դարձել ընկեր ու ճանապարհի ուղեկից։
Անգամ ջրի պակասը մեզ չխանգարեց՝ գագաթին հասնել ու վերևից ձյունապատ սարերին նայել։ Վերջին քայլերն էին։ Մեկ, երկու.... ու վերջ։ Դիմացս լիճն էր՝ շրջապատված ձյան հետքերով, քիչ այն կողմ՝ աշխարհից կտրված եկեղեցին։ Մեր հաշվարկները ճիշտ էին. 2829 մետր բացարձակ բարձրությամբ սարը բարձացանք երեք ժամում ու ժամանակն էր դիմակները փոխելու, հանեցինք դիմակներն ու արդեն տեսանելի էին մեր հաղթական ժպիտները։ Ճիշտ է, լիճն անհնար էր գրկել, բայց էլ ինչի՞ համար էինք մենք՝ լուսաբանողներս, որ չկարողանայինք մեր ընկերների ցանկությունները իրականացնել, լիճը գրկեցինք լուսանկարներով։ Հանգստանալու կարիք կար։ Նստեցինք ու էմոցիաներն ու զրույցները խառնվեցին իրար։ Ճանապարհին՝ սարի տարբեր հատվածներում արտասանած «Ես իմ անուշ Հայաստանիի» վերջին տունն էլ սարի գագաթին լսելի դարձրինք, շնորհավորեցինք Հայաստանին, վերելքի բերկրանքը վայելեցինք, ժամանակն էր վայրէջքի: Եվ իհարկե նորից Սևան։ Սևանա լիճը երբեք չի հոգնեցնում, հակառակը՝ ոգևորում, ոգեշնչում ու թարմացնում է։ Հարազատ միջավայր ու մարդիկ, համեղ ուտեստներ ու ժպիտներ՝ վարակիչ, բայց անվնաս։
Շատ եմ կարոտում ու զգում պակասը նոր ճանապարհների։ Պետք է միշտ բացահայտել ու բացահայտվել։
Հ.Գ. ուզում եմ անպայման նշել, որ փորձել ենք ամեն կերպ պահպանել կանոնները: Բոլորս ունեինք սպիրտ կամ ախտահանիչ (ճանապարհին մերթ ընդ մերթ մաքրում էինք ձեռքներս), դիմակները հանում էինք, երբ իրարից հեռու էինք ու շնչում էինք լեռնային անուշ օդը: Եթե կարգապահ չճամփորդենք, հաջորդ անգամները շատ կուշանան:Լուսանկարները իմ ֆոտոխցիկից <3
Հայրավանք
Արմաղան
No comments:
Post a Comment