Լուսանկարումս «Նահատակ» պոչամբարն է, որն ուսումնասիրելու համար մնացինք մի քանի րոպե և բոլորիս մոտ սկսվեց սրտխառնոց և գլխացավ, պատճառը պոչամբարի անտանելի հոտն էր: Պոչամբարի կողքին կան տներ և ես գաղափար չունեմ, թե բնակիչները ինչպես են դիմանում այդ ամենին: Հոտն անգամ տարածվում է կողքի գյուղերում:
Սա միակ մոլորակն է, որ մենք ունենք, չնայած դրան, ոչ բոլորն են նրա հետ վերաբերվում այնպես, ինչպես պետք է վերաբերվել միակի հետ: 21րդ դարն է, բայց դեռ շրջակա միջավայրին պաշտպանություն է պետք: Ցավալի է, որ հրաշքով հայտնվում ենք երկրի վրա ու կեղտոտում այն՝ վայելում ենք պաղպաղակն ու բնության կանաչը փչացնում պաղպաղակի թղթով:
Երբեք չեմ սիրել դպրոցներում իրականացվող «շաբաթօրյակները»: Շաբաթ է, թե կիրակի, ձմեռ է, թե աշուն, շուրջդ պետք է մաքուր լինի, ինչպես տունդ:
Ուրախ եմ, որ կրթահամալիրը ինձ փոքրուց սովորեցրել է խնամքով վերաբերվել բնությանն ու տնտեսուհիների՝ գիշերվա մաքրած փողոցներին:
Տխուր եմ, որ ականատես եմ եղել տարբեր դեպքերի, որոնց հետևանքով կեղտոտվել է իմ շուրջը, քաղաքը՝ տունը. մեքենաներ՝ միջից աղբը փողոց նետող վարորդներ, մի անգամ էլ հանրային տրանսպորտում տատիկը կոնֆետի թուղթը «գաղտնի» նետեց դուրս, եթե նկատողություն անեի՝ մեղավորն ու անդաստիարակը դուրս կգայի ես, քանի որ նկատողություն կանեի ինձնից մեծի...
Իսկ ի՞նչ ենք ուզում երեխաներից: Դպրոցում ինչքան էլ մասնակցեն շաբաթօրյակների, որոնք շատ ժամանակ ձևական բնույթ են կրում, երեխաները օրինակ են վերցնելու իրենց տատիկ-պապիկից կամ ծնողից:
Այո, մենք բոլորս մեր քաղաքի տերն ենք ու այո, մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք նրա համար, դա կլինի նկատողություն անելով, փոքրուց դաստիարակելով, թե օրինակ ծառայելով՝ պետք է անենք:
Այսօր՝ երկրում տիրող իրավիճակը ցույց տվեց, որ բնակիչներին ակնահաճո չէ մաքուր փողոցներ տեսնելը և զուրկ են աղբը աղբաման նետելու կանոնը սերտելուց և ուր մնաց սովորեն ու պահպանեն հակահամաճարակային կանոնները...
Դրսում այս օրերին շատ չեմ լինում, բայց լինելու դեպքում էլ հաճախ տեսնում եմ մայթերին գցած դիմակներ, ձեռնոցներ, այն դեպքում, երբ աղբամանը կողքին է և ցավոք, չենք կարող փողոցում հանդպած դիմակը, որը եղել է մեր ընկեր-բնակչինը՝ վերցնել և գցել աղբը:
Կրթահամալիրում տարբեր նախագծեր են եղել կապված շրջակա միջավայրի հետ, բայց միայն նախագիծ ունենալու դեպքում չէ, որ պետք է մտածենք մեր շրջակա միջավայրի մասին:
Հիշում եմ՝ 5րդ դասարանում, գնացել էինք ճամփորդություն դեպի Ստեփանավան, այցելեցինք Սուրբ Նշան ու այն ինչ տեսանք չեմ կարող նկարագրել: Ամառ, բնություն, ծառերի տակ պիկնիկներ, իսկ հետևանքները ու՞մ էին թողել՝ չգիտեմ: Դե, իհարկե, մենք չէինք կարող անտեսել այդ ամենն ու շրջել մատուռով, նախ վերցրեցինք տոպրակներն ու ձեռնոցները, ժպիտով հավաքեցինք մեր շուրջն ու նոր անցանք մատուռի ուսումնասիրությանը: Ցավոք, մինչ այսօր, ճամփորդելիս հանդիպում ենք մեծ աղբակույտերի: Որոնք հնարավոր են լինում ձեռքով՝ առանց որևէ գործիքի հավաքել՝ հավաքում ենք, բայց, օրինակ՝ մայիսի 28-ին գնացել էինք Արմաղան և սար տանող ճանապարհին մի հատված կար, որը սարսափելի էր ու դա մարդու հետքն էր…
Հույս ունեմ՝ կգա մի օր, որ մեր միջավայրը պաշտպանության ու շրջակա միջավայրի հետ կապված նախագծերի կարիք այլևս չի ունենա: Կգա մի օր, որ ուշադիր կլինենք մեր շուրջը գեղեցկացնող կանաչին, քաղաքին կնայենք ու կվերաբերվենք որպես տուն ու հունիսի 5-ը կդիմավորենք մաքուր երկրով ու պայծառ մտքերով:
Շնորհավոր օրդ, մայր բնություն:
No comments:
Post a Comment